Վարչապետին զեկուցվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. կատարողականի մասին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍՆ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարը և փոխնախարարները զեկուցել են ոլորտային բարեփոխումների, գերակա ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում մեկնարկել է նոր չափորոշչի փորձարկման գործընթացը: Առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր, նախատեսվում է ներդնել հավելավճարի մեխանիզմ: Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառման գործընթացը, որի շրջանակում 2022թ. սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորում, այն շարունակական է: Հանրակրթության ոլորտում ևս փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կսկսի ներդրվել ՀՀ բոլոր դպրոցներում, ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026թ.: Ներկայում կատարվում են դասագրքերի ստեղծման և տպագրման աշխատանքներ: Մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում: Ներդրվել են ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, առանձնացվել են վարչատնտեսական և ուսումնական գործընթացները, առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման նախագիծ: Էլեկտրոնային ուսուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ 9 մարզում, շահառու աշակերտների թիվը 6500 է, թվայնացվել է ավարտական վկայականների տրամադրման գործընթացը: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձարկվել են պետություն-մասնավոր համագործակցության մի շարք մոդելներ, ինչի դրսևորումներից է Տավուշի մարզում «Պատրիկ Տէվէճեան» տարածաշրջանային քոլեջի ստեղծումը: Ներկայացվել են նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը, նշվել է, որ այս տարի նախատեսվում է սկսել գիտության թանգարանի ստեղծման աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ զեկուցվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ:

«Բարձրագույն կրթության ոլորտում վերանայվել են կրթական ծրագրերը, հաստատվել է որակավորումների 21 ոլորտային շրջանակ, մշակվում է բուհերի ֆինանսավորման նոր բանաձև՝ կատարողականի բաղադրիչի ներդրմամբ: Իրականացվել են կրթության կազմակերպման ու կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքներ, թվայնացման միջոցառումներ, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ: Շարունակվում են ակադեմիական քաղաքի հիմնման շուրջ քննարկումները:

Զեկուցվել է սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության, միջազգային գործընկերության, երիտասարդական ծրագրերի մասին: Նշվել է, որ երկկողմ ու բազմակողմ համագործակցության շրջանակում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, միջպետական համաձայնագրերով հաջող իրականացվում են օտարերկրյա և ՀՀ ուսանողների փոխանակության ծրագրերը: 2022թ. հուշագրեր են կնքվել հայագիտական հետազոտությունների ևս 2 կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության շրջանակում բարելավվում է օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ են Տավուշի և Սյունիքի մարզերում երիտասարդական 2 կենտրոնի ստեղծման աշխատանքները: 2022թ. տեղի է ունեցել «Սթարմուս 6» փառատոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ Լոռու և Տավուշի բերդերի, Դաշտադեմի և Ամբերդի ամրոցների: Ազգային ժողով է ներկայացվել հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ, մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը: Միջազգային մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցել է ցուցահանդեսների և փառատոնների, գեղարվեստական կրթության շրջանակում իրականացվում է 17 կրթամշակութային նախագիծ, նախաձեռնվել են կառավարման համակարգի բարեփոխումներ և այլն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին: 2022թ. Հայաստանում անցկացվել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, 2023թ. ևս նախատեսվում է մի շարք առաջնությունների անցկացում: Վարչապետին զեկուցվել է նոր սպորտային համալիրների կառուցման, նաև գործող մարզական հաստատությունների վերանորոգման ընթացքի մասին:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է և հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ պարբերական մոնիթորինգ իրականացնելով շինարարության ընթացքի և որակական չափանիշների նկատմամբ:

«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթության նոր չափորոշիչների ներդրման կարևորությանը, ներառյալ ատեստավորման բաղադրիչին, դասագրքերի տպագրության և բաշխման քաղաքականությանը և նշել, որ թղթային տարբերակին զուգահեռ պետք է աշխատել նաև էլեկտրոնային կրթական հարթակների զարգացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է մշակութային և գեղարվեստական կրթության ծրագրերը, այդ թվում դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագիրը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դրանց պատշաճ իրականացումը, որտեղ անհրաժեշտություն կա, լրամշակել ու բարելավել»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով՝ նշելով նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխման կարևորությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ ոլորտային ուղղությունների քննարկել պետություն-մասնավոր գործընկերությամբ նոր ծրագրերի հնարավորությունները և ներկայացնել առաջարկներ: Անդրադառնալով հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կրթաթոշակային քաղաքականությանը՝ վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել դրանք լավարկելու առաջարկներ ի շահ բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականների և ուսանողների:

Հայերեն English Français Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026