ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում հունվարի 3-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ի ժամը 14:30-ին, մարվել՝ 16:27-ին: Այրվել են մոտ 7 հա անտառամիջյան չոր տերևներ, մոտ 20 կանգուն չորացած ծառ (հաճարենի, բոխի, եղևնի), ծառերի կոճղեր և ջերմահարվել՝ մոտ 50 ծառ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որԻջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և 15 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին հրդեհաշիջմանաշխատանքները վերսկսելունպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հունվարի 5-ին, ժամը 08։45-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: