Վարչապետը հյուրընկալել է Սյունիքի մարզի մի խումբ դպրոցականների
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների և նրանց ուսուցիչներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է նրանց հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը:
Ըստ աղբյուրի՝ ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբը դեկտեմբերի 29-ին է եկել Երևան և արդեն եղել է մի քանի վայրերում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ աշակերտները դիտել են փոքրիկների համար նախատեսված ներկայացումը, ապա այցելել են Ազգային ժողով, հանդիպել պատգամավորներին, իսկ այժմ հանդիպում են երկրի վարչապետին:
«Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սյունիքի մարզից եկած աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերություններին, դպրոցաշինությանը, այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարչապետն անդրադարձել է դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագրին և հորդորել Սյունիքի մարզի դպրոցականներին օգտվել դրանից, շատ հաճախել մշակութային վայրեր: Իրենց հերթին աշակերտներն առաջարկել են, որպեսզի ներկայացումներ կազմակերպվեն նաև իրենց բնակավայրերում: Վարչապետ Փաշինյանը խոստացել է հարցը պահել ուշադրության կենտրոնում: