Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը ամենակարևոր գերատեսչություններից մեկն է. ՀՀ նախագահն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:

«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն է, որն իր գործունեության բնույթով պայմանավորված` ուղղակիորեն առնչվում է մեր հանրության բոլոր շերտերի հետ»,-շեշտել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ բազմոլորտ նախարարության արդյունավետ աշխատանքի առաջնային գրավականը միջգերատեսչական և ոլորտային ուղղությունների համագործակցությունն ու ներդաշնակությունն են:

Զրույցի ընթացքում նորանշանակ նախարարը նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների ընդհանուր վիճակն ու մանկավարժների ատեստավորման համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում մշտապես պատրաստակամ է աջակցել նախարարության կողմից նախաձեռնվող ծրագրերին և միջոցառումներին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում