Տարածաշրջանային

2022-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքների մեկ երրորդը վերաբերել է ԵՄ հանձնարարականներին

2 րոպեի ընթերցում

2022-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքների մեկ երրորդը վերաբերել է ԵՄ հանձնարարականներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների 30%-ը վերաբերում է Եվրամիության հանձնարարականներին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։

«Մենք ավարտում ենք Եվրամիության հանձնարարականների կատարումը: Խորհրդարանի համակարգմամբ և պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մենք կատարել ենք վիթխարի աշխատանք, վերլուծել ենք Վրաստանի և այլ երկրների օրենսդրական դաշտն ու գործելակերպը, նախաձեռնել, քննարկել և ընդունել ենք համապատախսան ուղղումները: Հատկանշական է, որ 2022 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների 30%-ը ծառայում է Եվրամիության հանձնարարականների իրականացմանը», - ասել է Պապուաշվիլին Թբիլիսիում ամենամյա «Դեսպանների խորհրդաժողով - 2022»-ի բացմանը, որին մասնակցել են արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակի՝ ընդունվել Է 82 նման օրենք:

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրմադրելու համար Եվրամիության ղեկավարները հունիսի 23-ին սահմանել էին 12 հանձնարարականներ, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, օլիգարխների դեմ օրենքի ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության մասին օրենսդրության բարելավմանը և այլ ասպեկտների։ Վրաստանի խորհրդարանը, մասնավորապես, հաստատել Է 2024 թվականից էլեկտրոնային քվեատուփերի անցումը, հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը։ Օլիգարխների դեմ օրենքը երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշվել Է ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում