ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված միջոցառումներով նշվելու են մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, հայ կինոյի, հայկական անիմացիայի հիմնադրման և այլ հոբելյաններ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նա խոստովանեց, որ համավարակից հետո կամաց-կամաց վերականգնվում են միջազգային համագործակցությունները, և շրջանակներն ընդլայնվում են:
«2022-ին մասնակցել ենք Վենետիկի բիենալեին: Հայաստանի մի շարք ստեղծագործական խմբեր, որոնց շարքում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգչախմբերը, նվագախումբը, հյուրախաղերով մեկնեցին աշխարհի տարբեր երկրներ, նույնիսկ մրցանակներ շահեցին, արժանացան ոսկե մեդալի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը ևս ելույթներ ունեցան արտերկրում: Վրաստանի հետ մեր հարաբերությունները դրվեցին բոլորովին այլ հարթության վրա: Վերջերս «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» երգչախումբը համատեղ համերգով հանդես եկան Երևանում, հետո նույն համերգով ելույթ ունեցան Թբիլիսիում: Վրացական կողմի հետ քննարկում ենք, թե ինչ գեղեցիկ կլինի, եթե «Վրացական սինֆոնիետտա»-ն և «Հովեր»-ը միասին շրջագայեն աշխարհում: Այս համատեղության սկզբունքը պետք է դառնա առանցքային»,-շեշտեց Խզմալյանը:
Նրա խոսքով՝ 2023-ը ևս հագեցած կլինի բազմաբնույթ միջոցառումներով. նախատեսում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ներսես Շնորհալու տարելիցին նվիրված միջոցառում կազմակերպել, անդրադառնալ Արամ Խաչատրյանի հոբելյանին՝ կազմակերպելով հյուրախաղային այցելություններ:
«Կարևորագույն միջոցառումներից մեկը հայ կինոյի 100-ամյակն է: Այս հոբելյանի առթիվ շեշտը դրվելու է միջազգային համագործակցության ու միջազգային շփումների վրա: Նախատեսում ենք Հաղպատի վանական համալիրի տարածքում Սայաթ-Նովային նվիրված փառատոն անցկացնել: Նախնական պայմանավորվածություն ունենք վրաց գործընկերների հետ: Վրացական կողմից մասնակիցներ նույնպես կլինեն: Վրաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ՅՈՒՆԵՍԿՕ հայտեր ենք ներկայացրել 2024 թվականին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները տոնելու առթիվ: 2023-ին լրանում է մեծանուն արվեստագետ Արտավազդ Փելեշյանի 85-ամյակը, հայկական անիմացիայի հիմնադրման 85-ամյակն է լինելու: Այս կարևոր իրադարձությունները ևս մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,-ընդգծեց փոխնախարարը:
Միջպետական համաձայնագրերի շրջանակում 2023-ին Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվելու տարբեր երկրներում: Միջոցառումներից յուրաքանչյուրի մասին մանրամասները նախարարությունը կհայտնի տարվա ընթացքում:
Անժելա Համբարձումյան