Մշակույթ

Կայացել է «Տալենտում»-ի համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը

3 րոպեի ընթերցում

Կայացել է «Տալենտում»-ի համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Տալենտում»-ի համաստեղության Ամանորյա հեքիաթային համերգը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամից:

«Այս համերգը բացառիկ հնարավորություն էր «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի «Talentum» տաղանդների կրթական և զարգացնող ծրագրի 17 պատանի տաղանդների համար ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ բեմում՝ դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախագահ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

319527348_1606173243171920_442804685065452185_n.jpg (780 KB)

Ըստ աղբյուրի՝ համերգային ծրագրում հնչել են Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Նշվում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է աշխատում երիտասարդ երաժիշտների հետ, բայց, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ սա աննախադեպ համերգ է, որի ողջ ընթացքում բեմում նվագախմբի հետ նվագում են նաև երեխաներ:

«Պատանի երաժիշտի համար շատ կարևոր է հանդես գալ նվագախմբի հետ, և այսօր իրենք ունեցան այդ հնարավորությունը: Նման մոտիվացիան՝ ելույթ ունենալ մեծ բեմում Սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ կարևոր է երեխաների համար, և միաժամանակ մեծ պատասխանատվություն: Հիշում եմ ինձ այդ տարիքում և ինձ համար ամենապատասխանատու պահերից մեկն էր՝ ելույթ ունենալ նվագախմբի հետ.դա մեծագույն ձեռքբերում և փորձ էր: Կարծում եմ՝ այս համերգը կարող է դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց մասնագիտական կյանքում»,- ասել է Սմբատյանը:

321308450_696323655221276_1721906449855152757_n.jpg (507 KB)

Անդրադառնալով երկու տարի առաջ հիմնած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանը՝ նա նշել է, որ հիմնադրամի առաքելությունն է պատանի տաղանդավոր երաժիշտներին սովորեցնել այն ամենն, ինչ պետք է իմանա պրոֆեսիոնալ երաժիշտը, և այդ առումով այս համերգը կարևորագույն կետերից մեկն է. «Այսօր մենք ունենք տաղանդավոր պատանի երաժիշտներ, և հիմնադրամը պատրաստում է նրանց վաղվա երաժշտական կյանքին, տաղանդը հարստացնում ենք գիտելիքով, ինչը շատ կարևոր է 21-րդ դարում: Երբ տեսնում ես տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, փորձում ես նրանց համար անել հնարավորինը, ստեղծել իրենց հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ միջավայրն ու մթնոլորտը»:

Սմբատյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը դասական երաժշտության ոլորտում իր ուրույն տեղն ունի, իսկ այս պատանի տաղանդավոր երաժիշտները ապագայում իրենց ասելիքն են ունենալու միջազգային բեմերում. «Այս երիտասարդների ձեռքբերումները դեռ առջևում են, և սա հիմնադրամի կրթաթոշակառուների առաջին գալա համերգն է սիմֆոնիկ նվագախմբի հետ, և չի բացառվում, որ կրթաթոշակառուների գալա համերգը կարող է դառնալ ամենամյա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում