Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության հետ կապված իրադրությունը տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկրների միջև պաշտպանական համագործակցությունն սկսվել է 2012 թվականին: Եռակողմ նախարարական հանդիպումն այս տարի անցկացվում է Թուրքիայում։

Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բուրչուլաձեն իր թուրք գործընկերոջ հետ զրույցում ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև հաջող ռազմավարական համագործակցության վրա և շնորհակալություն հայտնել Թուրքիային աջակցության համար։

Նա ընդգծել է Թուրքիայի նյութատեխնիկական ու ֆինանսական օգնությունը, թուրք փորձագետների ներգրավումն ու աջակցությունը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործընթացում։ Բացի այդ, երկկողմ հանդիպումների ընթացքում Բուրչուլաձեն գործընկերների հետ քննարկել է անվտանգության հետ կապված իրավիճակը տարածաշրջանում, աճող սպառնալիքները, խաղաղության և կայունության կարևորությունը։

Հարևան երեք հանրապետությունների նախարարները նաև արծարծել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ռազմական կրթության և միջազգային վարժանքների ուղղությամբ կապերի խորացման հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ իրականացված և ընթացիկ կարևոր նախագծերը։ Բուրչուլաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ էներգետիկ նախագծի իրականացումը, որն օրեր առաջ ստորագրել են Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարները, պատմական նշանակություն ունի։

Խոսքը «Կանաչ էներգիայի և տրանսպորտի զարգացման բնագավառում ռազմավարական գործընկերության» համաձայնագրի մասին է, որը ենթադրում է Սև ծովով էլեկտրահաղորդման գծի անցկացում։ Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա։ Նախագծի նպատակը ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդումն Է, էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Համաձայնագրի շրջանակներում էլեկտրական մալուխը Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միացնի Ռումինիայի հետ։

Եվրամիությունը նախագծի համար կհատկացնի 2,3 միլիարդ եվրո։ Մալուխը կնպաստի Ադրբեջանում և Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքին Եվրոպա։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում