Հասարակական

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները Համագործակցության հուշագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները Համագործակցության հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեին և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ ուղղված դատախազների բարեվարքության ամրապնդմանը, վերապատրաստումների համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կազմակերպմանը:

Գլխավոր դատախազները պայմանավորվել են նաև առաջիկայում ստորագրել Համագործակցության հուշագիր՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, էլեկտրոնային քրեական վարույթի, Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման և այլ ուղղությունների վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Դատախազության «Օրինականություն»գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի մասին և հրավիրել է Լիտվայի գործընկերներին՝ իրենց գիտական հոդվածները հրապարակել այս հանդեսում:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Անահիտ Մանասյանն ամփոփել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայում Նիդա Գրունսկինեի հետ հանդիպման արդյունքներն ու պայմանավորվածությունները և վերահաստատել քննարկված ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածությունները:

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեն Հայաստանի դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Դատախազության պատվիրակությանը հրավիրել Լիտվա՝ տեղում ծանոթանալու Մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման լիտվական համակարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում