Պաշտոնական

Հայաստանի նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիկարագուայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,-նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի ողջույններն՝ ուղղված ՀՀ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ կրթության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: Նախագահը կարևորել է միջգերատեսչական և միջխորհրդարանական շփումների ակտիվացում:

Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպանը, կարևորելով ՄԱԿ-ում և միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցությունն, ընդգծել է, որ Նիկարագուան անվերապահ կերպով խաղաղության կողմնակից է և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Նիկարագուայի միջև փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման և բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում