Գեղարքունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Արշակ Չոպանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառում
3 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ ականավոր գրող եւ գրականագետ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառման բանախոսները մարզային գրադարանի աշխատակիցներն էին, ովքեր ընթերցողներին եւ գրասեր հասարակությանը ներկայացրին Արշակ Չոպանյանի կյանքն ու ստեղծագործությունը, նրա թողած գրական արժեքավոր ժառանգությունը։
«Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Պոլսում, Ակնից սերված Հովիվյանների գերդաստանում։ Ավարտել է Պոլսի Կեդրոնական վարժարանը, որտեղ խորությամբ ուսումնասիրել է հայ ու եվրոպական գրականությունները։ 1895 թվականի հայկական ջարդերը պատճառ են դառնում, որ Չոպանյանը մինչեւ կյանքի վերջը հաստատվի Փարիզում, որտեղ եւ նա հիմնում է «Անահիտ» հանդեսը` դրա հետ կապելով հետագա կյանքը։ Այս հանդեսում տպագրվել են ուսումնասիրություններ հայ ժողովրդի պատմության, գրականության, մշակույթի ու արվեստի, գիտության ու լեզվի մասին։ Լրատվական բաժինն իրենից ներկայացնում էր հայ մտավոր կյանքի անգին մի տարեգրություն, որն ընդգրկում է գրական, գեղարվեստական, քաղաքական, իրադարձություններից մինչեւ կյանքից հեռացած գործիչների մահախոսականներ։ Չոպանյանը «Անահիտ»-ում տպագրել է նաեւ անտիկ եւ հետագա դարերի դասական գրականության շատ նմուշներ, արվեստի տարբեր ճյուղերին՝ նկարչությանը, քանդակագործությանը, երաժշտությանը, թատրոնին, ճարտարապետությանը նվիրված հոդվածներ։ Հանդեսում տեղ են գտել Թորոս Թորոմանյանի ուսումնասիրությունները հայ հին ճարտարապետության մասին, Գարեգին Հովսեփյանի հոդվածները հայ մանրանկարչության վերաբերյալ։ Տպագրվել են նաեւ առանձին հոդվածներ Կոմիտասի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդգար Շահինի, Պետրոս Դուրյանի եւ այլ նշանավոր դեմքերի ստեղծագործությունների մասին։ Այլ խոսքով՝ Արշակ Չոպանյանի գործունեությունը անմնացորդ նվիրում է Հայ Դատին, որի պաշտպանը նա եղավ ու մնաց իր ամբողջ կյանքի ընթացքում»,-ներկայացրին բանախոսները։
Միջոցառմանը հրավիրված էին Գավառի պետական համալսարանի, գյուղատնտեսական քոլեջի դասախոսները եւ ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները։ Միջոցառման ավարտին դասախոսները դրական գնահատեցին գրադարանի աշխատակազմի գործունեությունը, նշելով, որ նման միջոցառումները ճանաչել են տալիս մեր ժողովրդի անվիճելի մեծություններին, բացահայտում նրանց թողած հսկայական հոգեւոր ժառանգության ծալքերը։ Ամփոփելով միջոցառումը՝ մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը հավաստիացրեց, որ Արշակ Չոպանյանին նվիրված բանախոսությունները գրադարանում կշարունակվեն նաեւ Գեղարքունիքի մարզի մյուս հաստատությունների ուսանողների եւ աշակերտների համար։
Խոսրով Խլղաթյան