Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանն արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի ներուժ, որը կիրառելու համար ջանքեր պետք է գործադրվեն:

Նախագահը կարևորել է Հայաստանի և Չիլիի միջև միջկառավարական և միջգերատեսչական շփումները՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գինեգործության բնագավառներում լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-չիլիական բազմաշերտ համագործակցության համար և իր օրակարգում են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները: Վերջիններիս շրջանակում դեսպանի խոսքով նախատեսվում են հայկական կողմի հետ անցկացնել քաղաքական և միջգերատեսչական խորհրդակցություններ՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպան Էսկոբարը կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ շեշտել է, որ Չիլին, միանշանակ, կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին, և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի՝ խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերի և փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում