Մշակույթ

Երևանում կայացավ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգը. Զինվորի տան տղաները դիրիժորի հետ քոչարի պարեցին

5 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգը. Զինվորի տան տղաները դիրիժորի հետ քոչարի պարեցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և Ռուսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող տղաների:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ համերգի ավարտին բոլոր ներկաներին և հենց Վլադիմիր Սպիվակովին սպասվում էր անակնկալ: Բեմ դուրս եկան Զինվորի տանը պրոթեզավորում ստացած տղաները և հայտնի դիրիժորի հետ քոչարի պարեցին:

Վլադիմիր Սպիվակովը համերգի ավարտին պատմեց, որ երբ ամռանը առաջին անգամ եղել է Զինվորի տանն ու տեսել է այն սերն ու ջերմությունը, որ ստանում են տղաները ու իրենք էլ տալիս են բոլորին, խոստացել է, որ ինքն էլ մինչև կյանքի վերջ լինելու է տղաների կողքին և աջակցելու է՝ ինչքան որ կարողանա:

«Ասեմ, որ Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև իմ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. երկուսը՝ Երևանում, մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը Զինվորի տանը բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տանը»,-ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր և Զինվորի տան համահիմնադիր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի, իսկ այս անգամ՝ Զինվորի տան կողքին կանգնելու համար:

«Զինվորի տան, բոլոր զինվորների, անձամբ իմ և Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործին, նշանակում է ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլև իսկապես մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս Զինվորի տան «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի Զինվորի տան շուրջ, այսինքն՝ ի նպաստ զինվորի առողջության և բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործությունները։ Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես եկավ հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Բարեգործական համերգին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։

Վլադիմիր Սպիվակովի համերգով նոյեմբերի 27-ից մեկնարկել է Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի հնարավոր լինի շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ալեքսանդր Կլյուչկոն: Սպիվակովի այցն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն այսքանով չեն սահմանափակվի. Վլադիմիր Սպիվակովին նաև Գյումրին է սպասում։Աշխարհահռչակ դիրիժորը Գյումրու համար թանկ հյուր է։ Առաջին անգամ նա Գյումրի, այդ օրերին Լենինական, այցելել է 1988-ի աղետից 4 ամիս հետո՝ 1989-ի մարտին և Մոսկվայի վիրտուոզներ նվագախմբի հետ ելույթ ունեցել չավերված ու կանգուն մնացած թատրոնի բեմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում