«Նոր գիրք»-42/22. Աֆյան, Իշիգուրո, Փորթեր, Նժդեհ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Հովիկ Աֆյան, «Ժողովրդի հայրերը»

Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավելևս՝ անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհն այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»:

Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը՝ իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում են: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Կազուո Իշիգուրո, «Երբ մենք որբ էինք»

Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ: Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Էլինոր Փորթեր, «Փոլլիաննա»

Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում ամերիկյան պատանեկան գրականության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Էլինոր Փորթերի (1868–1920) «Փոլլիաննան մեծանում է» վեպը (1915), որը հեղինակի հռչակավոր «Փոլլիաննա» վեպի շարունակությունն է: Գիրքը թարգմանվել է «Մաշտոց» թարգմանչական հիմնադրամի «Թարգմանչաց դպրոցի» անդամների համագործակցության արդյունքում: Թարգմանության խմբագիր և վերիֆիկանտ` Սևակ Ղազարյան: Գիրքը լույս է ընծայել «Մաշտոց»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Գարեգին Նժդեհ, «Ինքնություն»

«Ինքնություն» մատենաշարի այս հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում