Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կառավարությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով լի դժվարագույն ճանապարհ՝ հաղթահարելով իր առջև ծառացած բոլոր փորձությունները, և հաջողությամբ կերտել զարգացած ժողովրդավար երկիր:

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և համընդհանուր արժեքների վրա։ Մենք պատրաստակամ ենք բոլոր ոլորտներում խթանելու Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խորացնելու և ընդլայնելու գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում