Վարչապետը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով, թե որ դեպքում է Հայաստանը պատրաստ շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
«Ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ առաջ ենք քաշում ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք , որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հայերի մասին է։ Հույս ունենք, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Այն, որ համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցը օրակարգից հանելուն։
Եթե այս խնդիրը լուծում ենք, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով տարածարջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ վարչապետը նշեց, որ եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացման հարցը էսկալացիա փնտրելու հարց չէ, ապա հարցը կարելի է համարել լուծված։