ՀՀ ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել ՄԱԿ-ի առավել ակտիվ ներգրավվածությունը Բաքվի ագրեսիայի հարուցած խնդիրների լուծմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:
Նշվում է, որ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով: