Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-41/22. Բուզանդ, Բորխես, Կասարես, Բարրի, Ցըն

6 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-41/22.  Բուզանդ, Բորխես, Կասարես, Բարրի, Ցըն

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Փավստոս Բուզանդ, «Պատմութիւն Հայոց»

«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730 թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.): Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Լուիս Բորխես և Ադոլֆո Բիոյ Կասարես, «Վեց խնդիր դոն Իսիդրո Պարոդիի համար»

Այն գրողները հեղինակել են Բուստոս Դոմեկ կեղծանվամբ: 1942–ին լույս տեսած այս գրական «աճպարարությունը» արգենտինական գրականության նվաճումներից է և հեգնում է դետեկտիվ ժանրի բոլոր կանոնները։ Գիրքը լիովին կայացած գրողների գեղեցիկ համագործակցություն է, որը նրանց տվեց նոր ձայն և ոճ:

Գործող անձինք հայտնվում են լեգենդար համար 273 խցում: Առաջին խորհրդակցության ժամանակ ներկայացնում են հանելուկը, որն ապշեցրել է իրենց, այնուհետև լսում են լուծումը, որից պապանձվում են բոլորը: Հեղինակը պարզեցնում է հեռադիտակային իրականությունը և դեպքի բոլոր դափնիները թափում Պարոդիի գլխին: Տեքստում Պարոդիի անշարժությունը մտավոր խորհրդանիշ է և հյուսիսամերիկյան զուր ու տենդագին իրարանցման կտրական մերժումը, իրարանցում, որ դիպուկ մեկը կարող է համեմատել սկյուռի տեղապտույտի հետ:

Գիրքը քսաներորդ դարասկզբի Արգենտինայի հասարակության վատատեսական ախտորոշում է։ Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ջեյմս Մեթյու Բարրի, «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում»

Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում... Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում ու ճյուղերից հազարավոր կարմրիկ կանթեղներ կախ տալիս։ Կաղնու բնի խորշերից հայտնվում են երամ–երամ փերիներ, ու քամին սկսում է անհամբեր թերթել այս կախարդված պատմության էջերը։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Մին Ցըն, «Alibaba.Խելացի բիզնեսը և ապագայի ռազմավարությունը»

Ղեկավարներն արդեն չեն հասցնում բիզնեսը հարմարեցնել նոր փոփոխություններին: Գործընթացը կառավարելու դերը պետք է վերապահվի արհեստական բանականությանը, որը ցանկացած մարդուց արագ ու լավ է ընտրում հարմար գինը, կառուցում մատակարարումների հարմար շղթա, տեղեկացնում պահանջարկի փոփոխությունների մասին և կանխատեսում, թե արտադրական շղթայի բոլոր մակարդակներում ինչ և երբ գնել: Այն խելացի բիզնեսին ավանդական բիզնեսի հանդեպ մեծ առավելություն է տալիս: Այս ամենը հնարավոր դարձնելու համար կազմակերպության բոլոր գործընթացները պետք է թվայնացված լինեն: Հենց այսպես էլ մրցում են համաշխարհային բիզնես ոլորտի ՏՏ հսկաները, ներառյալ Alibaba–ն, որը ոլորտում չտեսնված հաջողությունների է հասել:

Գիրքը պատմում է Alibaba–ի ներքին խոհանոցի, հիմնական ռազմավարության և խելացի բիզնեսի կառուցման մանրամասների մասին: Կազմակերպության գլխավոր ռազմավարի գրած այս գիրքն անգին ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են նոր թվային տնտեսության օվկիանոսում իրենց զգալ, ինչպես ձուկը ջրում:

Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Մխիթարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում