ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ 2018 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իր կողմից արտահայտած որևէ նախադասություն չկա, որից Լեռնային Ղարաբաղի իշխանությունը տեղյակ չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասաց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ տասնյակ հանդիպումներ է ունենում, որոնք չեն լուսաբանվում:
«Ամեն բանակցությունից առաջ և հետո Արայիկ Հարությունանի հետ մենք քննարկում ենք ունենում: Ապրիլին ԱԺ-ում իմ հայտնի ելույթի ընթացքում ես ինքս եմ առաջարկել, որպեսզի ԼՂ-ից ներկայացուցչական պատվիրակություն գա, և մենք քննարկում ունենանք»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ այն, ինչ ինքն է փոխանցում Արայիկ Հարությունյանին, Արցախի նախագահն էլ իր հերթին փոխանցում է ԼՂ քաղաքական վերնախավին:
Անդրադառնալով պնդումներին, որ վարչապետը վերջերս Հայաստան ժամանած Արցախի պատվիրակությանն ընդունել է միայն չորս օր հետո՝ Փաշինյանն ասաց, որ պատվիրակությունը մինչ այդ հանդիպումներ է ունեցել Հանրապետության նախագահի, ԱԽ քարտուղարի, ԱԺ նախագահի հետ:
«Մենք ուղղակի հանդիպումները պլանավորել ենք ըստ հերթականության: Ես կարող էի սկզբից ընդունել պատվիրակությանը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեք չի հրաժարվել Արցախից որևէ պատվիրակության ընդունելուց: