Նման հաղթանակները մեզ շատ հարկավոր են. վարչապետը հյուրընկալել է աշխարհի չեմպիոն Դավթյանին և բրոնզե մեդալակիր Մերդինյանին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ,աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոնայք, նախ բոլորիս շնորհավորում եմ և, առաջին հերթին, իհարկե, Արթուր Դավթյանին, պատմական հաղթանակի և հաջողության առիթով: Շնորհավորում եմ նաև պարոն Մերդինյանին, որովհետև, ինչքանով հասկացա, Ձեր հաղթանակի մեջ էլ պատմական էլեմենտներ կան, ֆեդերացիային եմ շնորհավորում, մարզչական թիմին:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Հասկանալի է, որ նման հաջողություն կարող է ձևավորվել մի միջավայրում, որտեղ նախ տաղանդի շուրջ համախմբում և միայն թիմային աշխատանք կա, և ցանկանում եմ սա ընդգծել: Նաև պիտի ասեմ, որ նման հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են և կարծում եմ, որ նման հաղթանակները նաև պատանիների, երեխաների մեծ ուշադրությունն են հրավիրում, որոնք իրենց հետագա կյանքը պլանավորելու կամ ուղղակի սպորտով զբաղվելու համար մեծ լիցք և հետաքրքրություն են ձեռք բերում:

Պիտի նաև գոհունակությամբ ընդգծեմ, որ հիմա առավել ևս շատ ուրախ եմ, որ որոշում ենք կայացրել, ըստ որի՝ մարմնամարզության նոր մարզադպրոց պիտի կառուցենք, որը զրոյից պետք է ստեղծվի և ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին: Պիտի անկեղծ ասեմ նաև, այս պատմական հաղթանակից հետո ես հետաքրքրվեցի, թե 2019 թվականի մեր բարեփոխումները՝ նվաճումների հասած մարզիկներին պատվովճարներ վճարելու, ինչ վիճակում են և ինչ հարաբերությունների մեջ ենք մենք այս առումով: Կրկին պետք է գոհունակությամբ արձանագրեմ՝ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը և հույս ունեմ նաև, որ օգնել է ինչ-որ ձևով, որպեսզի մի փոքր կտրվեք առօրեական գործերից և կենտրոնանաք բուն անելիքի վրա:

Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, պարոն Դավթյան, Ձեզ, պարոն Մերդինյան, Ձեզ, ֆեդերացիային, մարզչական թիմին՝ այս պատմական նվաճման համար: Հույս ունեմ, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինեն պատմական»:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Վստահեցնում եմ Ձեզ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք յուրաքանչյուրս մեր տեղում մեր աշխատանքն առավելագույնս կատարել, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեր երկրի մարզական պատիվը բարձր պահել: Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են: Ինչպես Դուք նշեցիք, և ֆինանսական մասով, պարգևավճարների, և ընթացքում բազմաթիվ հարցեր են լինում և մշտապես այդ հարցերը մաքսիմալ դրական լուծում են ստանում: Այդ ամենը նպաստում է, որպեսզի կարողանանք առավել մեծ ոգևորությամբ շարունակել մեր աշխատանքը»:

Նշվում է, որ Արթուր Դավթյանը և Հարությունյան Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել աշխարհի առաջնությունից և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված Օլիմպիական խաղերի հետ:

«Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին ևկհամալրվեն ժամանակակից գույքով»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Անդադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին մինչ այս պահը տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը:

Հայերեն English Français Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26