ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Հովսեփ Վարդանյան, «Ագապի»
«Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...
«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը:
Թարգմանական գրականություն
Լյուդմիլա Ուլիցկայա, «Մեդեան և իր զավակները»
Լյուդմիլա Ուլիցկայայի այս գործը նոր «ընտանեկան վեպի» կառուցման ամենահետաքրքիր փորձերից է։ Գրքում միահյուսված են մասնավոր անձի կյանքը պատմելու հեղինակի անգերազանցելի ունակությունները, դիցաբանական շերտերին ազատ տիրապետելը, արդիականությունը և նույնիսկ գաղափարականությունը։
Գլխավոր հերոսուհին՝ անզավակ Մեդեա Սինոպլին` անտիկ Մեդեայի անվանակիցը, մի յուրօրինակ աստվածություն է մեծ, բազմաճյուղ ընտանիքի համար։ Բայց նա չի սպանում, այլ հավաքում է, միացնում, իր արյամբ սոսնձում ներընտանեկան փխրուն հարաբերությունները։ Թարգմանիչ՝ Լուսինե Հովհաննիսյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Հրաչ Բեգլարյան, «Երգող ամպը»
«Երգող ամպը» ժողովածուն ամփոփում է հեղինակի շուրջ ինը տասնյակ մանկական բանաստեղծություններ: Հերոսները աշխարհին նայում են մանկան աչքերով, երևույթները տեսնում և դրանց արձագանքում են իրենց հատուկ անմիջականությամբ: Նրանք սիրված են ու նույն սիրով են պատասխանում բոլորին: Հերոսների համար նույնքան սիրելի ու հասկանալի են թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները, թե՛ թռչուններն ու բույսերը: Մանուկ ընթերցողը ուսանելի ու հարազատ շատ բան կգտնի Հ. Բեգլարյանի բանաստեղծություններում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Ժան-Բեռնար Կադյե, «Ջո Բայդեն. Սքրենթոնից մինչև Սպիտակ տուն»
Չորս օր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր ընտրությունների ելքին, որի արդյունքում դեմոկրատ Ջո Բայդենը հաղթում է՝ դիմակայելով Դոնալդ Թրամփին։ Ժան–Բեռնար Կադյեն հետևում է ԱՄՆ 46–րդ նախագահի քարոզարշավին՝ իր հայրենի Սքրենթոնից մինչև Սպիտակ տուն: Նոյեմբերի 7, 2020, ժամը 11:25. անհամբեր սպասումներից հետո Բայդենը հայտարարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Հաղթանակը նա նվիրեց 2015թ. քաղցկեղից մահացած որդուն՝ Բոյին:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աննա Մարությանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը