Հավաստագրեր չստացած բուժաշխատողները հաջորդ տարվանից բժշկական հաստատություններում աշխատելու իրավունք չեն ունենա
2 րոպեի ընթերցում
![Հավաստագրեր չստացած բուժաշխատողները հաջորդ տարվանից բժշկական հաստատություններում աշխատելու իրավունք չեն ունենա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095760.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավաստագրեր հանձնեց առողջապահության նախարարության բժիշկ-խորհրդատուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ընդգծեց, որ կրեդիտավորման համակարգը լավ հնարավորություն է բուժաշխատողների համար նոր գիտելիքներ ստանալու տեսակետից:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ շարունակական մասնագիտական զարգացումը ուղղված է նրան, որ բուժաշխատողներն անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքները:
Նախարարը նշեց, որ հավաստագրման գործընթացը վերաբերվում է միայն կլինիկական գործունեություն իրականացնող բուժաշխատողներին: Հարցին, թե արդյոք այդ կարճ ժամանակահատվածում բոլորը կհասցնեն դիմել և ստանալ հավաստագրեր, Ավանեսյանը նշեց, որ նախարարությունն ունի պատասխանատու թիմեր, որոնք աշխատում են բոլոր բժշկական կենտրոնների հետ գործընթացն արագ և կազմակերպված իրականացնելու համար:
«2023 թվականի հունվարի մեկից այն բուժաշխատողները, որոնք չեն ստանա հավաստագրեր, իրավունք չեն ունենա շարունակել աշխատանքը բժշկական հաստատություններում: Հավաստագիրը բժշկական կրթության հետ միասին պարտադիր պայման է, որպեսզի անձը մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք ունենա»,- ասաց նախարարը:
Նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նկատեց, որ բժիշկների կրեդիտավորման համակարգն ամբողջ աշխարհում ընդունված մոտեցում է, որը պետք է խթանի նրանց գիտելիքների շարունակական թարմացումը և ինքնակրթման գործընթացը:
Սրտաբան Համլետ Հայրապետյանն, անդրադառնալով գործընթացի թերություններին, նշեց, որ խնդիրը միայն ժամանակի սղությունն էր:
«Իմ կարծիքով ցանկացած բժիշկ միշտ պետք է սովորի՝ անկախ կրեդիտավորման և ատեստավորման գործընթացից: Բժիշկը՝ ի տարբերություն այլ մասնագիտությունների, սովորում է ամբողջ կյանքի ընթացքում»,- հավելեց սրտաբանը:
Հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունիսից և կավարտվի 2023 թվականի հունվարի 1-ին: Մինչ այս պահը հավաստագրեր ստացել են շուրջ 8 հազար բուժաշխատող: