Պաշտոնական

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում