ԵՐԵՎԱՆ, 21ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ Ալեն Սիմոնյանն, ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:
Անդրեյ Կովաչեւը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ: «Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է նա:
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշել է.
«Մենք վաղուց եւ բազմիցս զգուշացնում ենք ադրբեջանական կողմից նոր պատերազմի մասին եւ մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ»:
Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման:
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին: