Տնտեսություն

Հարկային ծառայողի օրվա առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի շարք աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

Հարկային ծառայողի օրվա առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի շարք աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ հարկային ծառայության կայացման գործում: Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների 77 միլիարդ դրամի գերակատարում: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել հարկային ծառայողներին կատարված բարդ աշխատանքի համար, ընդգծելով, որ համակարգի ձեռքբերումները բարձր են գնահատվում Կառավարության, ինչպես նաև հանրության կողմից: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ իրականացնելու կարևորությունը:

ըստ աղբյուրի՝ այնուհետև տեղի է ունեցել հարկային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, հարկային մարմնի առջև դրված խնդիրների լուծման, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու, հարկային գործի բնագավառում ներդրած ավանդի և ծառայակիցների շրջանում ունեցած հեղինակության համար ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով։

«Հարկային համակարգի ստեղծման տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՊԵԿ նախագահի հրամանով, հարկային ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ, միաժամանակ մի շարք աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում