ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվոմ է, որ վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը: