Տնտեսություն

Պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել ավելի քան 1300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանում տնտեսավարողները ձեռք են բերել բարձր մթերատվությամբ 1327 տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, որոնք բոլորն էլ ներմուծվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

«Անասնաբուծության կարևոր և ավանդական ճյուղերից է նաև ոչխարաբուծությունը՝ հաշվի առնելով մեր բնակլիմայական պայմանները, արոտավայրերը, շուկայի պահանջարկը: Տեղում բուծվող կենդանիների մթերատու ցուցանիշների, վաղահասության, պտղատվության բարելավման տեսանկյունից որոշում կայացվեց իրականացնել ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է կենդանիների տնտեսական և ցեղային կազմի բարելավումը, հոտն այնպիսի կենդանիներով համարելը, որոնք կունենան գենետիկական այնպիսի ներուժ, որը կնպաստի հետագայում ոչխարաբուծության շահութաբերության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Տեր-Իսահակյանը:

Հայաստանում ոչխարների գլխաքանակը տատանվում է 713 հազարի շրջանակներում: Կա կենդանիների արտահանման բավականին մեծ ցուցանիշ, ոչխարի մսի արտադրության տեսանկյունից Հայաստանն ինքնաբավության բավականին բարձր մակարդակ ունի:

Ծրագիրն իրականացվում է երկու ձևաչափով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ և ծախսերի մասնակի փոխհատուցմամբ: Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, պետության կողմից սուբսիդավորվում են այն չափով, որ տնտեսավարողի համար վարկը հասանելի է լինում 2 տոկոս տոկոսադրույքով: Իսկ սահմանամերձ համայնքների տնտեսա­վարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսա­դրույքով:

Երկրորդ բաղադրիչով պետությունը փոխհատուցում է ծախսի 23 տոկոսը: Ֆերմերը դիմում է նախարարություն, եթե ստանում է համապատասխան եզրակացությունը, ապա ձեռք է բերում կենդանիները, և պետությունը փոխհատուցում է 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 23 տոկոսը: Իսկ սահմանամերձ շրջանների բնակիչների և կոոպերատիվների համար պետությունը փոխհատուցում է 27 տոկոսը:

Ծրագրի շրջանակում դրված է նաև կենդանիների ձեռքբերման սահմանաչափ: Կարելի է ձեռք բերել մինչև 2000 գլուխ ոչխար, իսկ վարկի պորտֆելի չափը կարող է կազմել մինչև 900 մլն դրամ, այսինքն` Ԡ գլուխ կենդանու հաշվով՝ ոչ ավել քան 450 հազար դրամ: Ծրագրի շրջանակում հնարավոր է ձեռք բերել միայն 4-16 և 6-16 ամսական համապատասխանաբար էգ և արու մատղաշներ և մինչև 18 ամսական հղի կենդանիներ:

Ծրագրի շրջանակում, ըստ Տեր-Իսահակյանի, ձեռք են բերվել բարձր մթերատվություն ունեցող ցեղատեսակներ՝ եվրոպական երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, նաև ՌԴ-ից, Ուկրաինայից: «Ներկրվել են օրինակ ռոմանովյան ցեղի ոչխարներ, որոնց պտղատվությունը կազմում է 300 տոկոս և ավել: Այս կենդանիների ներկրումը կնպաստի հետագայում և տեղում բուծվող ցեղերի վաղահասությանը, և պտղատվության մակարդակի բարձրացմանը»,-նշեց նա:

Ծրագրից մինչև այժմ օգտվել է 12 շահառու, ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 1327 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Վարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 360 մլն դրամ, սուբսիդավորման գումարը՝ շուրջ 67 մլն դրամ: Իսկ փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցվել է 13.6 մլն դրամ:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների ասուլիսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի

Ութ երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր