Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դատախազության տարածած հաղորդագրությունից, դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնել երկու երկրների կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար:

Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում