ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ ռազմագերիների խմբին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆվիթեր»-ի իր միկրոբլոգի գրառումներում անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։
«Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»:
«Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»,- գրել է ՀՀ վարչապետը:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեսանյութի առնչությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արել էր հետևյալ գրառումը․ «Հրապարակվել է հերթական տեսանյութը, որում հավանաբար մահապատժի են ենթարկվում հայ ռազմագերիներ։ Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։