Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել
1 րոպեի ընթերցում
![Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093691.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։