Քաղաքականություն

Լուծումներ առաջարկելու հնարավորություն. Սերժ Սարգսյանի կարծիքը Կաթողիկոսի և նախկին նախագահների հանդիպումների մասին

2 րոպեի ընթերցում

Լուծումներ առաջարկելու հնարավորություն. Սերժ Սարգսյանի կարծիքը Կաթողիկոսի և նախկին նախագահների հանդիպումների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները տալիս են ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ» էջը։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք.

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև դրանցից հնարավոր ելքերի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում, նախագահի գլխավորած քաղաքական ուժի՝ իրավիճակին համահունչ արվող հայտարարություններում:

Նախագահ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ, ում հետ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպում է, նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:

Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար»,- ասվում է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում