Պաշտոնական

Գուտերեշը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Գուտերեշը Փաշինյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Նշվում է, որ Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում