Պաշտոնական

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը  Սամանթա Փաուերի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության կայքից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Նախարար Միրզոյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Կարևորվել են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը և այս ուղղություններով փոխգործակցության առավել ընդլայնումը և զարգացումը:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի առավելապաշտական և ագրեսիվ վարքագծին հակազդելու համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման դերը և ապագայում հավանական ագրեսիաները կանխարգելելու նպատակով գործուն քայլերի իրականացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում