Պաշտոնական

ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության հարցում. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության հարցում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Հարգելի՛ բարեկամներ,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք այնուամենայնիվ որոշեցինք չհետաձգել այսօր ծրագրվածաշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։

Գաղտնիք չէ, որ hամաժողովների նպատակը առևտրատնտե­սական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է: Համոզված եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև մեր երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։

Թեև այս համաժողովը թվով իններորդն է, և միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ կան ձևավորված կապեր և գործընկերային հարաբերություններ, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան:

Յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:

Մեզ համար հեռանկարային է միջտարածաշրջանային մակարդակում կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը, ինչն ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկաներում նրանց մրցունակության ամրապնդմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։

Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։

Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ այսօրվա Համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության առաջմղման գործում, որը ձևավորվել և զարգանում է երկու երկրների տարածաշրջանների հաստատակամության և նախաձեռնողականության շնորհիվ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ Համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այս հարթակում կգրանցվեն շոշափելի արդյունքներ, որոնք մեր երկու երկրների միջև առկա միջտարածաշրջանային համագործակցությանը կհաղորդեն նոր բովանդակություն:

Շնորհակալություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում