Հասարակական

Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

2 րոպեի ընթերցում

Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց և ԱՄՆ-ի կողմից այն վերջապես ճանաչելուց մեկ տարի անց, Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարձագանքի այս անգամ»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում