ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: