Պատրաստեք խարույկը, առաջին լուցկին ես եմ վառելու…

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այնպիսի անանուն կարոտ ունեմ իմ երկրի նկատմամբ, որ ուղղակի այրում է հոգիս: Երանի այնտեղ ծնված լինեի, երանի ես ես չլինեի, այլ Արարատի շուքի տակ հասակ նետած պարզ մի գեղջուկ՝ ականջալուր հայրենի հողի ձայնին եւ ականատես իմ ժողովրդի վշտին ու երջանկությանը:

…Հայրենասիրությունը ոչ միայն զգացմունքի հարց է, այլ նաեւ գիտակցության, առանց որի մենք չենք կարող հայրենասեր լինել: Ճոռոմ խոսքեր, վերացական բառեր՝ այս բոլորը հայրենասիրություն չեն, այլ սոսկ հայրենասիրական արտահայտություններ: Իսկական հայրենասիրությունը գիտակցված հայրենասիրությունն է, օգնությունն է քո երկրին, քո ժողովրդին: Հայրենասեր կարող է լինել յուրաքանչյուր ոք՝ արվեստագետը, արհեստավորը, ատամնաբույժը, բժիշկը: Ամեն հայ իր ուժերի սահմաններում կարող է օգտակար լինել հայրենիքին: Եվ այդ օգտակարությունը ինքնին կոչվում է հայրենասիրություն…»:

Հակոբ ԿԱՐԱՊԵՆՑ

Հայրենիք, հայրենաբաղձություն, առաքելություն՝ հայ հոգու պատմության ստեղծման: Նրա գրականության առանցքային հերոսը հայն է, աշխարհասփյուռ հայը, իսկ ձգտումների կիզակետում՝ Հայաստան հայրենիքը, որը միավորում, ի մի է բերում նրա բոլոր երկպառակությունները, հոգեկան վիճակները, ապրումներն ու ներհակությունները: Նրա հերոսների հոգեբանական բոլոր հանգույցներում, դեգերումների բոլոր խաչմերուկներում ծառանում են նախնյաց պատկերն ու հիշողությունը, հայ ժողովրդի պատմությունը, Հայաստան երկիրը՝ որպես արյան ձայն, պահանջ ու լինելիության պայման:

Այսպիսին է հայ գրականագիտական մտքի բնութագրումը սփյուռքահայ անվանի գրող Հակոբ Կարապենցի գրական ծանրակշիռ ժառանգությանը: Նրա, ով բախտ ունեցավ լինել հայրենիքում նրա դժվարագույն տարիներին, այցելել Սյունյաց աշխարհ եւ մարգարեաբար մագաղաթել. «Գնացեք Սիսիանի բարձր լեռները, պաշտպանեցեք Գորիսը՝ Զանգեզուրի միջնաբերդը, խրոխտ բազուկը Հայաստանի…»:

Իսկ ինքը օտարության մեջ անգամ հայենիքի զինվոր էր ու զտարյուն մտավորական՝ քաջատեղյակ մեր երկրի բոլոր անցուդարձերին, անցյալ դարի իննսունականների սկզբների բոլոր զրկանքներին, հայրենաբնակ գրչակիցների նեղ օրերին: Ուստի պատեհ է առիթը վերհիշելու, թե ինչպիսի եղբայրական սրտացավությամբ էր ձեռք մեկնում գրչի մարդկանց՝ ֆինանսական իր սուղ միջոցների մի մասը օվկիանոսային հեռուներից հասցնելով նրանց…

Ցավոք, հայրենի ընթերցողն այնքան էլ քաջատեղյակ չէ տաղանդավոր արձակագրի ստեղծագործությանն ու գործունեությանը: Կարծում եմ՝ տեղին է համառոտակի անդրադառնալ գոնե նրա կենսագրությանը. ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, ավարտել Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը եւ Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը, եղել Թեհրանի Հայ պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, բուհական կրթությունն ստացել ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, ապա նաեւ Նյու Յորքի՝ Կոլումբիայի համալսարանում: Մասնագիտացել է լրագրության մեջ՝ երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը: Երկու տարի Կալիֆորնիայում բնակվելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, դասավանդել Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում: Հեղինակել է երկու վեպ՝ «Կարթագենի դուստրը», «Ադամի գիրքը», պատմվածքների բազմաթիվ ժողովածուներ՝ «Անծանոթ հոգիներ», «Նոր աշխարհի հին սերմնացանները», «Միջնադար», «Անկատար եւ այլ պատմվածքներ», «Մի մարդ ու մի երկիր», «Ամերիկյան շուրջպար», հոդվածներ եւ էսսեներ ամփոփող երկու գիրք:

Ըմբոստ ու անզիջում է էսսեագիր Հակոբ Կարապենցը: Նրա համար խորշելի են այլասերվող իրողություններն ու ձեւախեղվող արժեքները: «Նողկանք են առաջացնում տափակ գրքերը, անկիրք պաստառները, շողշողուն անկյանք բեմերը, միտքը բթացնող շարժանկարները,- գրում է իր «Ազնիվ վայրենին» էսսեում:- Պատրաստեք խարույկը, առաջին լուցկին ես եմ վառելու…»:

Ահա իսկական մտավորականի կեցվածքն ու նկարագիրը: Ահա կատարյալ հայ մտավորականը, որի հոգին այդպես էլ կարոտ մնաց հայրենի հողի ձայնին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում