Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ամեն անգամ, երբ փորձել եմ գրել ուսումնասիրություն Հովհաննես Թումանյանի մասին, ինձ պաշարել է մի ներքին անվստահություն, անգամ՝ երկյուղ: Այդպիսի զգացողություն մարդ ունենում է խոր անդունդին կամ ձյունապատ երկնասլաց բարձունքին նայելիս: Միշտ էլ մեծությունն իր անհուն խորքով ու ծավալով հասարակ մահկանացուի մեջ առաջ է բերում գլխապտույտ, անհասանելիությունը որոշ իմաստով կաշկանդում է ուսումնասիրողին: Եվ, այնուամենայնիվ, ապրած օրերն ու ժամանակը ինչ-որ բան են տալիս մարդուն, մղում նրան խիզախման, ամեն սերունդ ներքնապես ձգտում է իր հայացքով նայել հանճարին…»:

Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Մեծավաստակ գրականագետի այս տողերը բնութագրում են ոչ միայն մեր քերթության «անհաս լեռ Թումանյանին», այլեւ բացահայտում-բնութագրում են նաեւ իրեն՝ մեծերի հանդեպ ակնածալից վերաբերմունք ու գնահատման բարձրակարգ չափանիշ ունեցող վաստակաբեռն գրականագետին, ով, «գլխապտույտ ու կաշկանդվածություն» հաղթահարելով, լույս աշխարհ էր բերելու իր մեծարժեք ուսումնասիրություններից մեկը՝ «Հովհաննես Թումանյան բանաստեղծը եւ մտածողը»: Շատերն են անդրադարձել Ամենայն հայոց բանաստեղծին եւ դարձյալ կանդրադառնան, որովհետեւ Թումանյան երեւույթը նման է մշտապես բացահայտումների կարոտ տիեզերքի: Շատերի համար, սակայն, թամրազյանական ուսումնասիրությունը կշարունակի մնալ առաջնակարգ եւ կոթողային:

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ծնված գրականագետ-ակադեմիկոսը հեղինակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ եւ ուսումնասիրություններ, 40 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, դպրոցական ու բուհական դասագրքեր: Քանի-քանի սերունդներ են սնուցանվել դրանց լույսով:

Հրանտ Թամրազյանը կարեւոր դերակատարություն է ունեցել արեւմտահայ քնարերգուների, մանավանդ Մեծ եղեռնին զոհ դարձած հայ բանաստեղծների գրական ժառանգության արժեւորման, ինչպես նաեւ անհատի պաշտամունքի տարիներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգնման գործում: Նրա ջանքերով են մայր բուհում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ» եւ գիտական նստաշրջանները՝ հրապարակված համանուն յոթ հատորներում: Նրա «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» ուսումնասիրությունը նոր հուն էր բացելու հայ գրականագիտական մտածողության մեջ: Խորիմաց գրականագետն առաջիններից էր անդրադառնալու հայտնություն դարձած ժամանակակիցներից շատերի այս կամ այն գրքերին՝ Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, այլ հեղինակներ: Նրա տքնաջան աշխատանքի արդյունք են «Սովետահայ գրականության պատմություն», «Հայ քննադատություն», «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը», «Հայ քնարերգուներ», «Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը», «Ալեքսանդր Շիրվանզադե. կյանքն ու գործը», «Սիամանթո», «Գրական ուղիներում», այլ ուսումնասիրություններ ու աշխատություններ, որոնցից մի քանիսը՝ հատորյակներով:

Հայ գրականագիտական մտքի մշակի վաստակն անուրանալի է նաեւ սերնդակրթման բնագավառում: Նրա կազմած ոչ միայն դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով են սնվել ու դաստիարակվել բազմահազար ուսանողներ, այլեւ սիրված դասախոսի երբեւէ չմոռացվող խոր ու բովանդակային դասախոսություններով: Անվանի դասախոսի սաներից շատերը հետագայում քայլելու էին նրա հետքերով՝ գրականագետի չափանիշ ընդունելով Հրանտ Թամրազյան բազմիմաց մանկավարժ-գիտնականին, որի վաստակը գնահատվել է՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակ, ծննդավայր գյուղի դպրոցի անվանակոչում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն