Փոշմանել եմ, որ չեմ խնդրել դագաղը փակել. Արտյոմ Մարկոսյանը՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի նկարահանումների ժամանակ ունեցած դժվարությունների մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 16-ին։ Ֆիլմում նկարահանվել են Արտյոմ Մարկոսյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ելենա Վարդանյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեվոսյանը:

Ֆիլմում իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Հանգուցյալին մարմնավորել է դերասան Արտյոմ Մարկոսյանը, ով, ի դեպ, նկարահանման ամբողջ ընթացքն անցկացրել է դագաղի մեջ։

«Արմենպրես»-ը Արտյոմ Մարկոսյանի հետ զրուցել է ֆիլմում հանգուցյալին մարմնավորելու բոլոր դժվարությունների մասին և ոչ միայն։

- Արտյոմ, ինչպե՞ս ստացաք «Սեւազգեստ կանայք» ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

- Պատմությունը շատ հետաքրքիր էր, յուրօրինակ էր: Հենց կարդացի սցենարը, հասկացա, որ այն ե՛ւ զվարճալի է, ե՛ւ հետաքրքիր զարգացումներով է: Ես էլ, որպես մարդ, ով ունի փորձ, ներքին զգացողություն, խոսակցական լեզվով ասած՝ «նյուխով» հասկացա, որ շատ զիլ գործ է լինելու: Առհասարակ, երբ ինձ որեւէ բան են առաջարկում, առաջին հերթին կարեւորում եմ սցենարը: Ինձ համար հետաքրքիր էր հենց այս կերպարով հանդես գալը:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ Գոռ Կիրակոսյանը հենց Ձեզ վստահեց հանգուցյալի կերպարը:

- Չակերտներ չբացեմ, սակայն կերպարս բավական բազմաֆունկցիոնալ է: Թե՛ իմ կարծիքով, թե՛ Գոռի հետ ունեցած զրույցներից պարզ էր դառնում, որ իմ. որպես դերասան, բազմաֆունկցիոնալ լինելու շնորհիվ հենց ես եմ մարմնավորելու հանգուցյալին: Իրականում, ես եւ Գոռը շատ ենք զրուցել այս թեմայի շուրջ:

- Դագաղի մեջ հայտնվելը Ձեզ չվախեցրե՞ց:

- Առաջին միտքս, իհարկե, հետեւյալն էր՝ «վայ»: Անսովոր էր, բայց հետո ես ինձ կարողացա «անջատել», ինքս ինձ ասացի, որ պետք չէ էմոցիաների հետեւից ընկնել: Հասկացա, որ պետք է այդ ամենին մոտենալ որպես աշխատանքի. երբ այդ ձեւով մոտեցա՝ այլ խնդիր այլևս չառաջացավ։ Հենց պառկեցի դագաղի մեջ, արդեն շատ սովորական էր․ հավատացեք, որ անտանելին միայն շոգն էր: Ես կոստյումով էի, կիսափակ դագաղում, պատկերացրեք, որ այդ շոգին պետք էր շունչս պահել: Այդ տեխնիկական հատվածն էր բարդը, բայց ընթացքում դրան էլ հարմարվեցի:

- Ի դեպ, Ձեր նշած խնդիրներն է ունեցել նաեւ Հրանտ Թոխատյանը, երբ Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում նույնպես մարմնավորել էր հանգուցյալի, ով դագաղի մեջ պետք է պառկեր:

- Այո, շատ բարդ տեսարաններ կային, որոնց ժամանակ մինչեւ գրեթե 1 րոպե ստիպված ես շունչդ պահել: Կադրում ես, իսկ որպես հանգուցյալ չես կարող շնչել, իհարկե, ավելի բարդ էր դա շոգին անելը:

- Ստացվում է՝ Ձեզ դագաղի մեջ պառկել չեն համոզել:

- Ոչ, իհարկե, սկզբում բարդ էր, սակայն ինձ այնքան էր դուր եկել պատմությունը, որ չէի կարող չնկարահանվել: Ինքս ինձ ասացի՝ Արտյոմ ջան, մոռացիր դագաղի մասին: Երբ առաջին տեսարանն էինք նկարահանում, բոլորը ծափահարել էին: Արդեն դագաղի մեջ ինքս ինձ ասում էի՝ փաստորեն, այսպես է: Միայն փոշմանել եմ, որ չեմ խնդրել դագաղը փակել:

- Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի նկարահանումների ժամանակ լուրեր էին տարածվել, որ նա մահացել է: Ձեր մասին նման լուրեր չե՞ք լսել:

-Փառք Աստծո՝ չէ: Առհասարակ, շատ պրոֆեսիոնալ թիմ ունեինք, ինֆորմացիան կարողացել ենք նույնիսկ համացանցի առկայության դեպքում գաղտնի պահել: Հիմա էլ կարողանում ենք այնպես անել, որ ամեն բան ճիշտ պահին է բացահայտվում լսարանի համար: Չնայած՝ մեր ազգին հատուկ է ականջի ծայրով լսածը որպես փաստ ներկայացնելը:

-Արտյոմ, վերջին շրջանում Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում ֆիլմերում: Ինչո՞ւ:

- Առաջարկներ շատ եմ ունենում, սակայն ես ունեմ սկզբունք. եթե մի բան ինձ դուր չի գալիս, չեմ անում: Այս դեպքում ես նկարահանվել եմ, որովհետեւ առաջին հերթին այս աշխատանքն ինձ հետաքրքիր էր:

- «Սեւազգեստ կանայք»-ը կատակերգություն է: Ի՞նչ եք կարծում, ակնդիրը կինոդահլիճից միայն դրական լիցքերո՞վ դուրս կգա, թե՞ մտորելու առիթ կունենա:

- Չակերտներ չեմ բացի, սակայն այս ֆիլմն ունի հաղորդագրություն: Առհասարակ, ես կարծում եմ, որ պետք է մարդը միշտ մտորելու առիթ ունենա: Երբ արդեն պետք է նկարահանվեի, ես իմ ասելիքն էլ ներառեցի ֆիլմում: Դեռ չեմ դիտել, ինքս էլ սպասում եմ պրեմիերային, կարծում եմ, որ մեր ասելիքն էլ տեղ կհասնի: Իմ կանխատեսումներով «Սեւազգեստ կանայք»-ը հաջողություն է ունենալու, քանի որ Գոռ Կիրակոսյանը ցանկացած ֆիլմ նկարահանելիս՝ արդեն իր մտքում հստակ իմանում է, թե ինչպես պետք է այն մոնտաժվի: Նա հստակ գիտի՝ ինչ է ուզում, բացի դրանից, թիմն իր աշխատանքին շատ պրոֆեսիոնալ է մոտեցել, ոչ մի մանրուք աչքաթող չի արվել:

Հայերեն