Քաղաքականություն

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ արտաքին գործերի նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ արտաքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ արված իր մեկնաբանությունում:

Արտգործնախարարը նախ ընդգծել է, որ հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: «Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը»,-նշել է Միրզոյանը:

Ապա նա հավելել է, որ սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

«Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,-եզրափակել է Միրզոյանը:

Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում