Անմահության ճանապարհ՝ արգելանքների հաղթահարումով

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,3ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սերգեյ Դովլաթով (Դովլաթյան). նրա գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզվով: Գրողն իր հայկական արմատներին անդրադարձել է «Մերոնք» գրքում: Նախկին Միությունում նրան գիտեին ոչ օրինական հրատարակություններից եւ «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդումների շնորհիվ: Այդպիսին էին ճշմարտությունը լլկող ժամանակները, երբ գաղափարախոսական կապանքներն ու հալածանքներն ստիպում էին այլախոհ անհատականություններին լռել կամ լքել հայրենիքը…

Ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող, հայ-հրեական ծագումով գրողը, որ Բրոդսկու եւ Սոլժենիցինի հետ արտասահմանում 20-րդ դարավերջի ռուսալեզու ամենաճանաչված հեղինակներից է, ծնվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում: Երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ (նախկին Լենինգրադ): Այստեղ էլ ընդունվում եւ երկուսուկես տարի ուսանում է Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական բաժնում, շփվում հանրաճանաչ գրողների, արվեստագետների հետ՝ Իոսիֆ Բրոդսկի, Եվգենի Ռեյն, Սերգեյ Վուլֆ, Ալեքսանդր Նեժդանով, այլք: Բուհական կրթությունը կիսատ էր թողնելու վատ սովորելու պատրվակով, որին հաջորդելու էր եռամյա բանակային ծառայությունը ներքին զորքերում: Հետագայում այլախոհ բանաստեղծ Բրոդսկին իր հուշերում գրելու էր, թե «Դովլաթովը բանակից վերադարձավ ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով եւ փոքր-ինչ զարմացած հայացքով…»: Իսկ ուսումը շարունակել պետք էր՝ այս անգամ նույն բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ՝ նաեւ աշխատանք նավաշինական ինստիտուտի պարբերականում, որը չէր խանգարելու ստեղծագործական ոգորումներին: Գրում է պատմվածքներ, հրավիրվում՝ անդամակցելու «Քաղաքացիներ» գրական խմբակին, որում քիչ չէին ռուս հայտնի գրողները:

1972-75 թվականներին Դովլաթովն ապրում է Էստոնիայում: Մայրաքաղաքային գրանցում ստանալու նպատակով որոշ ժամանակ աշխատում է կաթսայատանը որպես հնոցապան, միաժամանակ աշխատակցում «Սովետսկայա Էստոնիա» թերթին՝ որպես արտահաստիքային թղթակից, ապա աշխատանքի ընդունվում էստոնական ծովային նավագնացության «Էստոնիայի ծովային» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Լրագրողական աշխատանքը շարունակում է նաեւ «Երեկոյան Տալլին», «Սովետսկայա Էստոնիա» թերթերի խմբագրություններում: «Փոխզիջում» գրքի պատմվածքներում հեղինակը պատմում է այդ տարիների իր գործունեության, խմբագրության գործընկերների մասին: Իսկ նրա առաջին՝ «Հինգ անկյուններ» ժողովածուն դաժան ճակատագրի է արժանացել՝ էստոնական ՊԱԿ-ի հրամանով ոչնչացվել է «Էէստի Ռաամատ» հրատարակչությունում, լույսընծայման խանձարուրի մեջ, դեռ չհասած ընթերցողին… Այդուհետ գրողն ստիպված էր լքել բնակավայրը, որոշ ժամանակ էքսկուրսավար աշխատել ռուսական Պսկով քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում:

Դովլաթովը Լենինգրադ է վերադառնում 1975-ին, աշխատում «Խարույկ» ամսագրի խմբագրությունում, գրում է արձակ գործեր, որոնց տպագրությունը մերժվում էր ու մերժվում: Նա ստիպված էր իր գործերը հրատարակել անօրինական ճանապարհներով, ինչպես նաեւ տարագրության մեջ հրատարակվող «Ժամանակը եւ մենք», «Աշխարհամաս» ամսագրերում: Ամեն դեպքում, նրա գիրն ու մտածելակերպը խորթ էին անդեմ ժամանակների պահանջներին ու ոգուն: Եվ 1976 թ. նրան հեռացնում են ԽՍՀՄ ժուռնալիստների միությունից… Իշխանությունների անթաքույց հետապնդումներն ստիպում են տաղանդավոր գրողին արտագաղթել Միացյալ Նահանգներ, հաստատվել Նյու Յորքի Ֆորեստ Հիլս շրջանում: Այստեղ նա ստանձնելու էր ռուս վտարանդի մտավորականների հիմնադրած «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Ամսագրի խմբագրակազմում էին այդ ժամանակների բազմաթիվ դեմքեր՝ Բորիս Մետեր, Ալեքսանդր Գենիս, Պյոտր Վայլ, բալետային եւ թատերական լուսանկարիչ Նինա Ալովերտ, պոետ եւ էսսեիստ Գրիգորի Ռիսկին, ուրիշներ: Դովլաթովի խմբագրությամբ թերթը արագորեն լայն ճանաչման է արժանանում էմիգրանտների շրջանում, ինքը՝ գրողը, արձանագրում մեծ հաջողություններ: Նրա ստեղծագործությունները տպագրվում են ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներում: Տարագրության 12 տարիների ընթացքում, ցավոք, կարողանում է հրատարակել ընդամենը մեկ գիրք…

Բայց գրքերի սակավ քանակը բնավ չէր նեղացնելու նրա՝ ճանաչված ու տաղանդավոր լինելու սահմանագիծը: Նրա համբավը հասնելու էր նաեւ հայրենիք, որի հանճարեղ զավակներից շատերն էին դարձել գաղթյալներ եւ իրենց հավիտենական ննջելատեղին գտել օտար հողում, օտար երկնքի տակ: Այդպիսի ճակատագիր էր վերապահված նաեւ ընդամենը 48 տարի ապրած Սերգեյ Դովլաթովին, որի անունն հավերժացնող փողոց կա Նյու Յորքի Քուինսի շրջանում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն