Առաջնահերթ ուղղություններն են խաղաղությունը, կրթությունը, բանակը. վարչապետն ընդունել է  «Ամառային դպրոց»-ի մասնակիցներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել է կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին և այլ հարցերի:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարևոր և սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտմբերի 1-ն էլ՝ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարևոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի և պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում:

Պետք է ասել, որ մեր պետության հիմնադրման առումով՝ օգոստոսը և սեպտեմբերը շատ մեծ, էական նշանակություն ունեցող ամիսներ են. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության հանրաքվեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ նախ շատ կարևոր է իմանալ, ճանաչել և հասկանալ մեր պատմությունը. «Պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ և դրանից հետո, ինչո՞ւ է տեղի ունեցել, և կարողանանք ճիշտ հետևություններ անել, որն ամենևին էլ հեշտ գործ չէ, որովհետև պատասխանները նոր հարցեր են բերում: Այս գործընթացը երբեք էլ չի ավարտվում: Շատ հայտնի ասացվածք կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ինչ դասեր քաղել: Ամեն ինչից էլ պետք է դասեր քաղել՝ պատմությունից էլ է պետք դաս քաղել, դասից էլ է պետք դաս քաղել, կյանքից էլ է պետք դաս քաղել, քաղած դասից էլ է պետք դաս քաղել: Բայց հատկապես՝ ինչ դաս պիտի քաղենք: Ամենաբարդը դա է, և երևի ամենահաջողակները նրանք են, ովքեր, իրոք, կարողանում են քաղել, որովհետև պատմության դաս չէ, որ մի տեղ դարակում դրված է»:

Նշվում է, որ կառավարության ղեկավարի խոսքով՝ իր համար ամենակարևոր հետևությունն այն է, որ պետք է աշխատանքները պլանավորել. «Ես ուզում եմ վերադառնալ 90-ականների սկիզբ և փորձել գտնել նախագիծ, թե արդյոք մենք պլանավորել ենք՝ ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2000, 2005, 2010, 2015 2020, 2022 թվականներին. այդպիսի նախագիծ մենք, անկեղծ ասած, չենք ունեցել։ Հիմա արդյոք մենք ունենք նախագիծ, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ես ներկայացրեցի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը չեմ ասի, բնականաբար, թե կատարյալ փաստաթուղթ է, բայց, համենայնդեպս, դա փորձերից մեկն է պլանավորել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ Եվ կարծում եմ՝ ապագայի պլանավորումը նաև այն է, որ մեզ պետք է օգնի դասեր քաղել անցյալից և այսօր ապրելու էներգիա ստանալ»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ապագայի մասին պատկերացումներ ձևակերպելու և ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու կարևորությունը. «Ապագան ընդհանրապես շատ պարամետրերից է կախված, բայց ցանկացած գործում, կարծում եմ, պետք է ընդգծել առաջնահերթությունները, որովհետև անելիքներն այնքան շատ են, որ դրանց մեջ միշտ կարելի է խճճվել, և ժամանակն էլ քիչ է պլանավորելու համար: Ուստի շատ կարևոր է ընդգծել առաջնահերթությունը: Եվ եթե ինձ հարցնեք՝ որն եմ համարում առաջնահերթությունն այդ առումով տեսանելի ապագայում Հայաստանի համար, ես 3 հիմնական ուղղություն կնշեի. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը: Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց իրականում չեն հակասում, որովհետև կառավարության ծրագրի մեջ նաև մենք ընդգծել ենք, որ Հայաստանին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը սիմվոլիկ առումով գտնվում է մեջտեղում, և կարծում եմ, որ կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»:

Վարչապետ Փաշինյանն պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը:

Հայերեն Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ