Հասարակական

Գյումրին հերթական անգամ նշում է Քաղաքի օրը

2 րոպեի ընթերցում

Գյումրին հերթական անգամ նշում է Քաղաքի օրը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին սեպտեմբերի 2-ին նշում է Քաղաքի օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումները քաղաքի կենտրոնական հատվածում են՝ Ռուսթավելի, Աբովյան փողոցներում ու «Թատերական» հրապարակում: Տոնի շրջանակներում անցկացվում են արհեստի ու արվեստի տոնավաճառներ, մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, ցուցահանդեսներ: Այս անգամ տոնը համընկավ նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության հետ, որի շրջանակներում անցկացվում է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստի ու արվեստի տոնավաճառ:

Գյումրիի տոնին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետ՝ Հրաչյա Սարգսյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ ջերմ, գրկաբաց ու երաժշտական տրամադրություն է Գյումրիում: «Բացսրտությունը, յուրահատուկ մտածելակերպը, հումորն անպակաս են։ Կարծում եմ, որ սա է ստիպում, որ գյումրեցիներն էլ ավելի ստեղծագործ լինեն: Փոքր քանակի մեջ բավական մեծ արվեստագետներ կան, թող իրենց արվեստով լցնեն Հայաստանը»,-շնորհավորելով գյումրեցիներին` նշեց Հրաչյա Սարգսյանը: Տոնի օրը շնորհավորանքներ ընդունել և փոխադարձ պատասխանելուն զուգահեռ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը չի հերքում՝ Գյումրիում դեռ շատ անելիքներ կան:

«Գյումրիում շատ հաճելի ու տրամադրող միջավայր է, կարծում են վարպետների շփումը ստացված է: Գյումրեցի հենց ասում ենք, միանգամից պատկերացնում եմ այս ջերմ քաղաքը, իր հյուրընկալությամբ, իր գողտրիկ ճարտարապետությամբ և այն ամենը, ինչը կոլորիտային է: Միշտ այսպիսին մնացեք»,- նշեց Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի ղեկավար Գևորգ Օրբելյանը: Քաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում, իսկ տոնակատարությունների ավարտը կազդարարվի համերգով՝ ժամը 19:00-ից Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում