Հասարակական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվել են պաշտպանողական օպերացիայի  թեմայով համատեղ շտաբային մարզումներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվել են պաշտպանողական օպերացիայի  թեմայով համատեղ շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ օգոստոսի 23-ից 25-ն անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:

Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում