ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկը այրվում է և կա արգելափակված քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G»(վարորդ՝ Ա. Ա., ծնված 1986 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:
«Opel Astra G» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին,մարվել՝ 21:52-ին: Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան. ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին: