Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ուղևոր Ս․ Ա․-ին (ծնված 1996 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է նույն հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: