Հասարակական

ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն բուհերի հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները ԳԹԿ-ի կողմից կազմակերպելու մասին նախագիծ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` առաջարկվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման(այդ թվում՝ համապատասխան կայքի միջոցով առցանց տարբերակով), ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցել ԳԹԿ-ին։

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպման, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Նշենք, որ համաձայն մինչև այս գործող կանոնների` դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնումեն համապատասխան բուհում:

Ակնկալվում է, որ նոր կարգավորումը գործընթացն առավել արդյունավետ և կանոնակարգված դարձնելու հնարավորություն կտա: Միաժամանակ նախագծով սահմանվել է, որ հեռակա ընդունելության գործընթացին առնչվող կարգավորումները տարածվում են ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

Շահագրգիռ կառույցները, բուհերը, քաղհասարակության ներկայացուցիչները նախագծի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 22-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում