ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են բրյուսելյան գործընթացի կատարման ընթացքը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 13-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: