Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարություն ստեղծելու փաթեթի մշակման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, որի համաձայն` նախարարության կազմում են լինելու Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերակազմակերպումը արդյունավետ համարեց:

«Ներքին գործերի նախարարության փաթեթի նախագծման ամենասկզբից ևեթ Միգրացիոն ծառայությունը ներգրավված է եղել աշխատանքներում: Հիմնական խնդիրները, որ մենք առաջ էինք քաշել՝ քաղաքականության մշակման և իրականացման, տարանջատման հետ կապված հարցերը, գործառույթային շղթայի ամբողջականացման, տարբեր գերատեսչություններում միգրացիոն գործառույթների բաշխվածության, վերանայման հետ կապված խնդիրները հիմնականում իրենց արձագանքն ու անդրադարձը գտել են փաթեթում»,-ասաց նա, հավելելով, որ փաթեթը ներկայումս լրամշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի ինչպես հանրային քննարկմանը, այնպես էլ խորհրդարանի հաստատմանը:

Արմեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է` կապված միգրացիայի կառավարման հետ և միգրացիոն քաղաքականության մշակույթը, որպես գործառույթ, օրենսդրական մակարդակում ներկայումս վերապահված չէ որևէ նախարարության:

«Միգրացիոն ոլորտի քաղաքականության ռազմավարական փաստաթղթերը ներկայումս մշակվում են Միգրացիոն ծառայության կողմից, ինչն իրականում ճիշտ չէ, քանի որ Միգրացիոն ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, որը պետք է իրականացնի մշակած քաղաքականությունը և մասնակցի քաղաքականության մշակմանը, այլ ոչ մշակի քաղաքականությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ այս խնդիրը լուծվում է: Միգրացիոն քաղաքականության մշակումը վերապահվում է ՆԳՆ-ին, իսկ իրականացումը` Միգրացիոն ծառայությանը ծառայությանը»,-նշեց նա:

Անդրադառնալով գործառույթին՝ Միգրացիոն ծառայության պետն ասաց, որ միգրացիայի ոլորտին առնչվող գործառույթները սփռված են ամբողջ պետական համակարգով, իսկ ապակենտրոնացված կառավարումն այս ոլորտում արդյունավետ չէ:

«Մի շարք գործառույթներ ոլորտի կառավարման մասով իրականացվում են Միգրացիոն ծառայության կողմից, որոշներն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մյուսները` Ոստիկանության կողմից, և շատ հաճախ խնդիրներ են առաջանում փոխգործակցության առումով, ծառայության մատուցման ժամանակի ձգձգման առումով, տվյալների բազաների համադրելիության առումով: Այս խնդիրները լուծվում են կառուցվածքային փոփոխության արդյունքում, որը ֆունկցիոնալ վերլուծության վրա հիմնված ռեֆորմ է»,-նշեց նա:

Ղազարյանը շեշտեց՝ այն ծառայությունները, որոնք առնչվում են սոցիալական պաշտպանությանը և սոցիալական աջակցությանն, ավանդաբար իրականացրել է Միգրացիայի ծառայությունը և դրանք ավանդույթի ուժով պահպանվել են ծառայությունում:

«Օրինակ, մենք հիմա իրականացնում ենք Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովության հարցը, բայց դրանք միգրացիոն խնդիրներ չեն և այն կարողությունը, որն անհրաժեշտ է նման ծառայություն մատուցելու համար, Միգրացիոն ծառայությունում առկա չէ: Մենք մեր եղած ռեսուրսներով հաջողությամբ իրականացնում ենք, բաց սա պետք է փոխանցվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Օտարերկրացիների, փախստականների, վերադարձող քաղաքացիների ինտեգրման գործառույթն ինքնին սոցիալական գործառույթ է, որովհետև դրա բաղկացուցիչ մասը սոցիալական աջակցությունն է, կարիքի գնահատումն է, որոնք պետք է իրականացնի սոցիալական ծառայությունը»,-ընդգծեց Ղազարյանը:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ Միգրացիոն ծառայության պետն ասաց, որ մարտահրավերները բազում են, քանի որ սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային կառուցվածքային փոփոխությունն է անկախության տարիներին, և չեն կարող նման փոփոխությունները չուղեկցվել մարտահրավերներով:

«Առաջինը դա նոր իրավիճակին ադապտացիան է, քանի որ մենք բոլորովին նոր խնդիրներ ենք դնում ծառայությունների առաջ: Դա առաջին հերթին ծառայության որակի բարձրացումն է: Երկրորդ մեծ մարտահրավերն այն է, որ մենք նախապատրաստում և իրականացնելու ենք մասշտաբային թվայնացման գործընթացներ, որն ուղեկցվում է ինչպես աշխատակազմի վերապատրաստման անհրաժեշտությամբ, այնպես էլ քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացմամբ: Շատ հաճախ մենք տեսնում ենք դեպքեր, երբ պետությունը որոշակի ծառայություններ թվայնացնում է, բայց քաղաքացիները տեղյակ չեն, երբեմն էլ՝ չունեն այն կարողությունները, որպեսզի օգտվեն այդ ծառայությունից»,- հավելեց Ղազարյանը:

Նա նշեց, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրումն արդեն իսկ թվայնացվել է, առաջիկայում էլ հանրությանը և Հայաստան եկող օտարերկրացիներին կիրազեկեն փոփոխությունների մասով:

Հեղինակ` Անի Դանիելյան

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը