Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:
Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:
Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»: